Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆունկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Բջիջ։ Բջջային տեսություն

ավելի քան 100 տարի առաջ պարզվեց, որ մեր մոլորակի վրա ապրող կենդանի օրգանիզմների մեծ մասն ունի բջջային կառուցվածք։ Բջիջը ներկայումս գոյություն ունեցող բոլոր կենդանական և բուսական օրգանիզմների ոչ միայն կառուցվածքի, այլև կենսագործունեության և զարգացման հիմնական միավորն է։
Բջիջների կառուցվածքը, քիմիական բաղադրությունը, կենսագործունեության պրոցեսները և բազմացումը ուսումնասիրող գիտությունը կոչվում է բջջաբանություն, ցիտոլոգիա (հուն․ <<ցիտուս>>՝ բջիջ, <<լոգոս>>՝ գիտություն)։ Այն ներկայումս շատ արագ է զարգանում և վիթխարի նյութ ունի բջջի կառուցվածքի, ֆունկցիաների և էվոլյուցիայի մասին։

Բջիջների մեծ մասը մանրադիտակային մանր չափեր ունի։ Մարդու աչքը ընդունակ է տարբերելու երկու կետերը, երբ նրանք գտնվում են ոչ պակաս, քան 0,1 մմ հեռավորության վրա, իսկ բազմաբջիջ օրգանիզմների հյուսվածքների կազմության մեջ մտնող բջիջները երկուսից երեք անգամ 0,1 մմ-ից փոքր են, այդ պատճառով էլ բջջի կառուցվածքն անզեն աչքով դիտել հնարավոր չէ։ Բջջի ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն մանրադիտակի գյուտից հետո (Ռոբերտ Հուկ,1665)։

Բջջային տեսությունը ստեղծվեց 1838թ․ բջջի մասին կուտակված գիտելիքների հիման վրա։ Բջջային տեսություն ստեղծելու և վերջնական բանաձևը տալու մեջ հատուկ նշանակություն են ունեցել բուսաբան Մ․Շլեյդենի և կենդանաբան Թ․ Շվաննի աշխատությունները։ Օրգանիզմների բջջային կառուցվածքի տեսությունը ներկայացված է Թ․ Շվաննի <<Մանրադիտակային հետազոտություններ կենդանիների և բույսերի կառուցվածքի ու աճման համապատասխանությունների մասին>> աշխատության մեջ։

Բջջային տեսության էությունն այն է, որ բոլոր կենդանի էակները՝ բույսերը, կենդանիները, ներառյալ նաև միաբջիջ օրգանիզմները, բջիջներից և նրանց ածանցյալներից են կազմված։
Կառլ Բերը հայտնագործեց կաթնասունների ձվաբջիջները և հաստատեց, որ բոլոր օրգանիզմները իրենց զարգացումը մեկ բջիջից են ստեղծում, այդ բջիջը բեղմնավորված ձվաբջիջն է, որը տրոհվում , նոր բջիջներ է առաջացնում, իսկ սրանցից ձևավորվում են ապագա օրգանիզմի հյուսվածքները և օրգանները։
Կ․Բերի հայտնագործությունը ցույց տվեց, որ բջիջը ոչ միայն բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի, այլև զարգացման միավոր է։

Փոքր-ինչ ուշ կենսքիմիական հետազոտությունների զարգացման շնորհիվ ապացուցվեց, որ բոլոր օրգանիզմների բջիջները իրենց քիմիական բաղադրությամբ նման են և նրանց հիմնական նյութափոխանակության պրոցեսները միատեսակ են ընթանում։
Բջջային տեսությունը՝ բջջային կառուցվածքի հիման վրա, որը կենդանի մարմնի կազմավորման կարևորագույն սկզբունքն է, ցույց է տալիս կենդանիների և բույսերի ծագման միասնությունը։

Ֆ․Էնգելսը բարձր է գնահատել բջջային տեսության ստեղծումը՝ այն դնելով նյութի և էներգիայի պահպանման օրենքի և Չ․ Դարվինի բնական ընտրության տեսության հետ մի շարքում։
Բջջային տեսության հետ սերտ կապված է բջջաբանության, որպես ինքնուրույն կենսաբանական գիտության, առաջացումը և զարգացումը։ Անցյալ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում մանրադիտակը կատարելագործվեց այնքան, որ հնարավոր դարձավ կենդանական և բուսական բջջի կառուցվածքի ուսումնասիրությունը, և բացահայտվեցին նրա հիմնական օրգանոիդները, ինչպես նաև զանազան ներառուկները։

Բջիջ

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից,  որը պարփակված էբջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝բակտերիաները ,որոշ ջրիմուռներ  ու սնկեր,նախակենդանիները  ) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն  մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջը հայտնաբերել էՌոբերտ Հուկը  1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։Բջջային տեսությունն  առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը  և Թեոդոր Շվանը  1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar